ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականն ուժերն է չափել Մալայզիայի ընտրանու հետ և բոլոր 3 քառորդներում ունենալով նկատելի առավելություն՝ 24:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկած առաջնությանը հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Բացման արարողությանը Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ սա աննախադեպ իրադարձություն է հայկական հոկեյի պատմության մեջ։

Այնուհետև տեղի է ունեցել դրոշների շքերթը, որի ընթացքում առաջնության պաշտոնական թալիսմանի՝ «գամփռի» գլխավորությամբ սահադաշտ են դուրս բերվել առաջնության մասնակից երկրների՝ Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի դրոշները:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։

Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի 14-ին, կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ։

Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին։

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։

  • Կիսվել: