Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենք
Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Սան Մարինոյի «Տրե Ֆիորիից» կրած 0:1 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։
«Հաճելի չէ, պարտավոր էինք հաղթել այս թիմին։ Վստահություն ունեմ, որ տանը կվերցնենք այն, ինչ ուզում ենք։ Մեր օրը չէր, մեր բախտը չէր բերում։ Կվերլուծենք, կպատրաստվենք, համոզված եմ՝ տանը կհաղթենք։
Մարդիկ կան, որ պետք է այս ամենից փորձ ձեռք բերեն։ Այս փորձությունը մենք կհաղթահարենք տանը։
Չէի համարի, որ մենք թերագնահատել ենք մրցակցին։ Գոլերը չգնացին։ Եթե առաջին պահից գոլերը ստացվեին, խոշոր հաշվով կհաղթեինք։ Վերջում ցանկությունը շատ մեծ էր։ Ունենք ֆուտբոլիստներ, որոնք 1-2 ամիս ֆուտբոլ չեն խաղացել, նորմալ հավաք էլ չեն անցել։ Փոխարինողները մարզավիճակ չունեին։ Պետք է անցնենք այս թիմին եւ կանցնենք»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 17-ին։