ԵԱ. Շանթ Խաչատրյանը չհաղթահարեց կրկնակի օլիմպիական փոխչեմպիոնի արգելքը
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:
Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր, 72 կգ քաշայինների որակավորման փուլում մրցեց Տոկիոյի եւ Փարիզի Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն (67 կգ), Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, ուկրաինացի Պարվիզ Նասիբովի հետ եւ 6:0 հաղթելիս, պարվեց 6:10 հաշվով:
Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, 60 կգ քաշային Կարապետ Մանվելյանը նույնպես պարտվել է որակավորման փուլում: Հայաստանի ներկայացուցիչը 4:8 հաշվով պարտվել է լեհ Օլիվիեր Սկրժիպչակին:
Հայաստանի թիմից դեռ մրցագորգ դուրս չեն եկել Սլավիկ Գալստյանը (67 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Եվրոպայի փոխչեմպիոն, ուկրաինացի Օլեկսանդր Գրուշինն է:
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը էստոնացի Ռիչարդ Կարելսոնն է:
Երեկոյան մրցահերթում Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը չեմպիոնական գոտեմարտեր կանցկացնեն, Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:
Մալխաս Ամոյանը (77կգ) կպայքարի 4-րդ չեմպիոնության համար: Եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոիձեն:
Կարեն Ասլանյանը (63 կգ) չեմպիոնի տիտղոսի համար կմրցի Եվրոպայի ոսկե, արծաթե, բրոնզ մեդալակիր, թուրք Կերեմ Կամալի հետ:
Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի վրացի Վախթանգ Լոլուայի հետ: