ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱ. Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԵԱ. Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար: 

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյի հետ եւ առավելության հասավ 7:2 հաշվով:

Մրցակիցը պարբերաբար հարվածում էր Ամոյանի գլխին: Գորգի մրցավարի մի քանի նկատողություններից հետո, մոլդովացուն կանոնների խախտման համար 2 միավոր ավելացրին Ամոյանի հաշվին: Մալխաս Ամոյանը դիտարժան գոտեմարտ անցակցրեց՝ բոլոր միավորները գեղեցիկ գցումներով եւ գլորումներով վաստակելով:

Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության էր մատնել աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկին:

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է նաեւ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթեց լեհ Մայրբեկ Սալիմովին եւ դուրս եկավ կիսաերզափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմից պարտություններ են կրել Կարեն Խաչատրյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը մեկնարկային քարորդ եզրափակիչում կմրցի 2022թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Էմրե Մուտլուի հետ:

  • Կիսվել: