ԵԱ. Այսօր Հայաստանի 3 ծանրորդ դուրս կգա մրցահարթակ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում կլինի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը: Կանանց 81 կգ քաշայինների պայքարում կլինեն երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը եւ պատանիների Եվրոպայի չեմպիոն Մարգարիտա Առաքելյանը:
Առաջինը մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը:
Կանանց 81 կգ քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 11 ծանրորդ: Էմմա Պողոսյան նախնական հայտը երկամարտում 337 կգ է, Մարգարիտա Առաքելյանինը՝ 327 կգ:
81 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Էմմա Պողոսյան աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է, Մ20 ԵԱ չեմպիոն, Մ17 Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ15 Եվրոպայի չեմպիոն: 2024 թ. Էմմա Պողոսյանն առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն երիտասարդ մարզիկ:
Մարգարիտա Առաքելյանը պատանիների Եվրոպայի չեմպիոն է:
Երեկոյան մրցահարթակում կլինի Դավիթ Հովհաննիսյանը:
Տղամարդկանց 96 կգ քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 8 ծանրորդ: Այս քաշային կարգում ֆավորիտները Դավիթ Հովհաննիսյանն է եւ Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բուլղարացի Կարլոս Նասարը: Դավիթ Հովհաննիսյանը նախնական հայտը երկամարտում 380 կգ է, Նասարինը՝ 385 կգ:
Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Դավիթ Հովհաննիսյանը 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Մեծահասակների Եվրոպայի առաջնության առաջին փորձը եղել է Բաթումի-2019-ը, որտեղ երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ 89 կգ քաշային կարգում: Նույն տարում աշխարհի առաջնությունն անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար եւ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը: Աշխարհի առաջնության անհաջող փորձից հետո Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
2021 թվականի ապրիլին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունը եւս անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար. Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց հրում վարժության երեք մոտեցումները եւ զրո ստացավ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում 96 կգ քաշայինների B խմբում երկամարտի 370 կգ արդյունքով Հովհաննիսյանը զբաղեցրեց չորրորդ տեղը (165+205):
2022 թ. Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը (171+206): 2022 թ. Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացված աշխարհի առաջնությունը Հովհաննիսյանը ձախողել է։
2023 թ. Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հովհաննիսյանը հռչակվեց կրկնակի չեմպիոն: Երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք (172+205)՝ նվաճելով երկամարտի եւ երկու վարժությունների ոսկե մեդալները: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հովհաննիսյանը 368 կգ արդյունքով 9-րդն էր (168+200):
2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպպայի առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանը 1 կգ-ով զիջեց չեմպիոնի կոչումը նվաճած Հակոբ Մկրտչյանին եւ նվաճեց արծաթե մեդալ (374 կգ,169+205):