Դուք փոխեցիք իմ կյանքը․ Վինիսիուսը բաց նամակ է գրել Անչելոտիին
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը բաց նամակ է գրել Կառլո Անչելոտիին։ Ավելի վաղ մադրիդյան թիմը հայտարարել էր, որ իտալացին կլքի ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Շնորհակալություն, մարզիչ։ Ամեն ինչի համար։ Դուք լավագույնն եք։ Մադրիդ ժամանելուց ի վեր Դուք փոխել եք իմ կյանքը որպես խաղացող և որպես մարդ։ Դուք ինձ վստահություն եք տվել, ինձ դրդել եք աճել և եղել եք իմ կողքին ամեն քայլափոխի՝ խաղադաշտում և դրանից դուրս։
Մենք երկու անգամ նվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ հաղթեցինք Իսպանիայի առաջնությունում և շատ ավելին արեցինք… Բայց ամենաշատը գնահատում եմ այն, թե ինչպես եք վերաբերվել ինձ, այն խոնարհությունը և այն, թե ինչպես եք ինձ ուղղորդել այս բոլոր տարիներին։ Դուք միշտ պաշտպանել եք ինձ և հոգ եք տարել, երբ ես դրա կարիքն ամենաշատն էի զգում։
Այսօր դժվար է հրաժեշտ տալը։ «Ռեալի» հանդերձարանը կկարոտի Ձեզ։ Ես կկարոտեմ Ձեզ։ Բայց միևնույն ժամանակ, ուրախ եմ իմանալ, որ մենք արդեն ունենք ամսաթիվ, երբ կրկին կհանդիպենք. այս անգամ միասին՝ Բրազիլիայի ազգային հավաքականի մարզաշապիկով։ Դա ճակատագիր է։ Ես Ձեզ կսպասեմ Բրազիլիայում։
Սիրով՝ Վինի Ջունիոր», — գրել է բրազիլացին իր սոցցանցերում։