Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)
Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝ ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։
Այս հաղթանակով Սաքունցը հաջողությամբ պաշտպանեց WBU (World Boxing Union) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ դարձավ միջազգային գոտու հաղթող։
Մենամարտը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի «Կռիլյա սովետով» հարթակում՝ լարված և լեցուն մթնոլորտում։ Սաքունցը հենց առաջին վայրկյաններից ցուցադրեց իր տեխնիկական և ֆիզիկական առավելությունները՝ վերահսկելով ռինգի յուրաքանչյուր վայրկյանը։ Երկրորդ ռաունդում հարվածների ուժեղ և ճշգրիտ շարքից հետո մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ գրանցելով ադրբեջանցի մարզիկի նոկաուտը։
Մենամարտից հետո իր ելույթում Յուրի Սաքունցը հաղթանակը նվիրեց հերոսական «Արաբո» ջոկատի մարտիկներին՝ նշելով, որ նրանց խիզախությամբ ոգեշնչվում է մինչ օրս։ Նա ընդգծեց, որ այս հաղթանակը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խորապես խորհրդանշական և ազգային նշանակություն է ստանում։
«Սա երկար ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Բայց առավել քան երբևէ, այսօր այն ունի հոգևոր իմաստ։ Ես այն նվիրում եմ հերոսներին, ովքեր անձնվիրաբար ծառայում են մեր հայրենիքի ուժեցացմանը՝ Հայաստանից, թե սփյուռքից։ Նրանց ոգին միշտ ուղեկցում են ինձ ռինգում։ Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության, ուժի և հավատքի համար», - ասաց Յուրի Սաքունցը։
Այս հաղթանակով Սաքունցը ամրապնդեց իր դիրքը միջազգային վարկանիշներում՝ բացելով նոր հեռանկարներ իր մարզական ուղու համար։