երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային․ «Շիրակ» ՖԱ

Այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային․ «Շիրակ» ՖԱ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․

«2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ողբերգական դեպք. ուժեղ քամուց ակադեմիայի պարսպի մոտ 25 մետր հատված փլուզվեց, ինչն էլ քաղաքացու մահվան պատճառ դարձավ: Դեպքի առթիվ նախաձեռնված է հանրային քրեական վարույթ:

Դժբախտ պատահարից անմիջապես հետո դեպքի մասին պատշաճ տեղեկացրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը հանդիսանում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների նոմինալ սեփականատերը:

Անցել է մեկուկես տարի, բայց ՀՖՖ ոչ մի ներկայացուցիչ անգամ հարկ չի համարել այցելել ակադեմիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Այս ընթացքում բազմիցս դիմել ենք ՀՖՖ-ին՝ վեր հանելու ակադեմիայի շին. փաստաթղթերը, ինչպես նաև առաջարկվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ակադեմիայում շինարարական և անվտանգային խնդիրներն արձանագրելու և համապատասխան լուծումներ տալու ուղղությամբ: Սակայն կրկին հանդիպել ենք ՀՖՖ ղեկավարության բացարձակ անտարբերությանը:

Ակադեմիայում մարզվող սաների անվտանգությունն որպես առաջնահերթություն ընդունելու և հետագայում նման ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»:

  • Կիսվել: