կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկու բրոնզե մեդալ են նվաճել: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել տղամարդկանց կումիտեի -85 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և -60 կգ քաշային Յուրա Զալյանը:

«Աննկարագրելի էմոցիաներ եմ ապրել, որոնք բառերով հնարավոր չէ բացատրել: Այս առաջնությանը եկել էի ոսկու հետևից. ցավոք, չկարողացա եզրափակիչ դուրս գալ, բայց առավելագույն ուժերս ներդրել էի այս մենամարտում, որպեսզի կարողանամ բրոնզե մեդալ նվաճել: Անցած տարի ոսկե մեդալ էի նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, որը դարձյալ Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին անգամ էր: Ուրախ եմ, որ կարողացա նաև մեծահասակների պայքարում Հայաստանի առաջին մեդալը նվաճել Եվրոպայի առաջնությունում»,- ասել է Գոռ Ներսիսյանը:

Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությանը մասնակցել է աշխարհի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ:

  • Կիսվել: