Արմեն Մելիքբեկյան․ Կան մարդիկ, որոնց համար երազանք է ՀՖՖ նախագահի աթոռին հայտնվելը (ֆոտո, վիդեո)
Կան մարդիկ, որոնց համար երազանք է ՀՖՖ նախագահի աթոռին հայտնվելը: ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, որի համար օգտագործվում է մեծ ռեսուրսներ, մեդիադաշտ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
ՀՖՖ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին, նաեւ մանրամասն ներկայացրեց ֆեդերացիայի վերջին 5 տարիների գործունեությունը:
«Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին: Ցանկանում եմ համառոտ նկարագրել վերջին 5 տարվա գործունեությունը: ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում:
Այն մեղադրանքները, որոնք մեր հասցեին հնչում են, քննադատությունները, կոռուպցիայի մեջ մեղադրանքը, հասկանալի է, որ կեղծ են, երբեւէ չհիմնավորված:
Ֆեդերացիայի գործունեության ընթացքում եղել է շրջան, որ ազգային հավաքականը հաղթեց Ազգերի Լիգայի C դեվեդիզիոնում եւ այդ ժամանակ ֆեդերացիան անտեսվեց: Մենք դեմ չենք դրան, բայց երբ հավաքականը անհաջողություններ է ունենում, մեղավոր է միայն ֆեդերացիան:
Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր էին բոլորիս համար: Վրաստանի հավաքականի հետ վատ խաղալու շատ պատճառներ կային, չեմ ցանկանում անընդհատ անդրադառնալ: Կարող ենք խոսել, որ հավաքականի առաջատարները չէին խաղում, նոր մարզիչը ժամանակ չուներ, թիմի ֆուտբոլիստներից մի քանիսը չգոհացրին իրենց խաղով:
Հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ էին: Մինչեւ այդ, երկու տարի մենք այս հաշիվներով պարտություններ չենք ունեցել: Կա մի զանգված, որն անընդհատ ուզում է այդ պարտությունները տեսնել, որպեսզի անընդհատ բարձրաձայնի, քննադատի, մեղադրի ֆեդերացիային: Բոլորը պատասխանատու են այս պարտությունների համար՝ ֆեդերացիան, հավաքականը, մարզիչները, ֆուտբոլիստները:
Կան երկու պատճառներ, որոնք այժմ մենք քննարկում ենք եւ ուսումնասիրում: Հանդիպումներ ենք ունեցել մարզիչների եւ ֆուտբոլիստների հետ: Նոր մարզիչը որոշ լուծումներ է տվել, բայց, հասկանալի է, որ նրան պետք է ժամանակ տանք:
Կարեւոր նպատակ ունենք այս տարի, Վրաստանի հետ համատեղ հայտ ենք ներկայացրել երիտասարդների աշխարհի առաջնությունն ընդունելու:
Հասկանում եմ, որ կան շատ մարդիկ, որոնք կցանկանային՝ այս նախագիծը ձախողվեր: Աշխարհի առաջնության հայտն ընդունելու որոշումը կայացվելու է այս տարի, հույս ունենք, որ Վրաստանի հետ մեզ կհաջողվի ստանալ աշխարհի առաջնությունը:
Ես երբեւէ չեմ կարող խոսք տալ, որ Հայաստանի հավաքականը կնվաճի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր:
Ես հրաժարական չեմ տալու: Հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել, որ հրաժարական չեմ տալու եւ ինչու: Բոլոր բացատրությունները հայտարարության մեջ տվել եմ: Մենք այս մասին շատ ենք խոսել, ով ցանկանում է տեսնել կամ լսել, տեսնում եւ լսում է: Հրաժարականը ինստիտուցիոնալ խնդիր է: Կարելի է տեսնել միայն վատը եւ չտեսնել նաեւ լավը: Բավական երկար խոսեցի եւ արդեն ներկայացրեցի մեր գործունեությունը»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը:
ՀՖՖ նախագահի պաշտոնը Արմեն Մելիքբեկյանը զբաղեցնում է 2019 թվականից։