Ամասիայում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվային մրցաշարի համայնքային փուլը
Շիրակի մարզի Ամասիա համայնքում անցկացվեց ՀՀ վարչապետի գավաթի խճուղային սիրողական հեծանվային մրցաշարի համայնքային փուլը: Մրցաշարին մասնակցում էր համայնքի բնակավայրերի 13 դպրոցի 48 աշակերտ:
Մինչ մեկնարկը մասնակիցներին ողջունեց ու մրցաշարին բարի ընթացք մաղթեց Ամասիա համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանը: Մրցաշարն անցկացվում էր երկու տարիքային խմբերով՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարաններ:
Մասնակիցները հաղթահարեցին Ամասիա-Ցողամարգ 25 կմ երկարության ճանապարհահատվածը: Համառ ու անզիջում պայքարում հայտնի դարձան հաղթող թիմերը: 7-9-րդ դասարանների խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրին Բանդիվանի, Մեղրաշատի և Գտաշենի դպրոցները, իսկ 10-12-րդ դասարանների խմբում՝ Բանդիվանի, Բյուրակնի և Ամասիայի դպրոցական թիմերը:
Հաղթող թիմերն առաջիկայում կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին:


