ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Վերջին երկու ուսումնական տարում շուրջ 4000 նոր ուսուցիչ է ընդունվել դպրոցներ. Ժաննա Անդրեասյան

Վերջին երկու ուսումնական տարում շուրջ 4000 նոր ուսուցիչ է ընդունվել դպրոցներ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 80 ուսուցիչ ստիպված է եղել դուրս գալ հանրակրթական դպրոցներից՝ ատեստավորման շեմը չհաղթահարելու պատճառով։

«80 ուսուցիչ դուրս է եկել հանրակրթական դպրոցներից, որովհետև չի կարողացել հաղթահարել ատեստավորման շեմը։ Ունենք նաև մարդիկ, որոնք ինքնակամ են դուրս եկել դպրոցից՝ տեսնելով, որ իրենց չի հաջողվում հաղթահարել ատեստավորումը։ Մեր որոշումները կայացված են, և մենք այդ ուսուցիչների հետ տևական, շարունակական աշխատանք ենք տարել։ Սա մեր երեխաների կրթության մասին է, ոչ թե մարդկանց զբաղվածության, և կարծում եմ, որ այդ որոշումներում իսկապես զիջումներ չպետք է ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Անդրեասյանը։

Նախարարը նշել է, որ վերջին երկու ուսումնական տարում դպրոցներում աշխատանքի է անցել շուրջ 4000 նոր ուսուցիչ։

 «Նրանց 80 տոկոսը մինչև 45 տարեկան են, իսկ կեսից ավելին՝ գյուղական դպրոցներում են»,- նշել է նա։

Անդրեասյանի խոսքով՝ կրթության ոլորտում ներդրվել են նաև մանկավարժության և հոգեբանության առանձին դասընթացներ այն անձանց համար, որոնք ունեն բարձրագույն կրթություն, սակայն չունեն ուսուցչի որակավորում։

«Մենք ներդրել ենք նաև առանձին մանկավարժության և հոգեբանության դասընթացներ, որպեսզի եթե մարդն ունի բարձրագույն կրթություն, բայց չունի ուսուցչի որակավորում, կարողանա դպրոցներում դասավանդել։ Մի քանի հարյուր ուսուցիչներ ներգրավել ենք հենց այս եղանակով»,- ասել է նախարարը։

  • Կիսվել: