‹‹Վեոլիա Ջուր›› ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը առաջնային խնդիրներից մեկն է․ պարզաբանում՝ Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարման մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ տարիներ շարունակ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումն իրականացվել է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար:
2017 թ.-ի հունվարից «Վեոլիա Ջուր» Ընկերությունը, ստանձնելով ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարումը, որոշակի տեխնիկական լուծումներ տալով, փորձել է բարելավել տվյալ և հարակից տարածքների ջրամատակարարումը և սկսել է այստեղ իրականացնել ջրամատակարարում Գառնու, Արզականի աղբյուրներից, որոնք իրենց զգայորոշական ցուցանիշներով տարբերվում են խորքային հորերի ջրերի որակական ցուցանիշներից:
Ամռան ամիսներին, շոգ եղանակի հետ կապված, ջրապահանջի ծավալների աճով պայմանավորված մեծանում է ջրասպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը ուղղակիորեն չի բավականացնում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար, ուստի Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է Արարատյան խորքային հորերից:
Ճիշտ է, վերջիններիս ջրի որակն իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, սակայն միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներն:
Ամռան վերջին, ջրասպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում է կատարվում Գառնու, Արզականի ջրաղբյուրներով ջրամատակարարմանը: Տեղեկացնում ենք նաև, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է Գառնու, Արզականի աղբյուրի ջրերից:
Ինչ վերաբերում է Շենգավիթ վարչական շրջանի Այգեգործական թաղամասին, ապա տեղեկացնում ենք, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չի հայտնաբերվել: ‹‹Վեոլիա Ջուր›› ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը առաջնային խնդիրներից մեկն է, և հնարավոր ամեն քայլ ձեռնարկվում է այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար։