չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Վանաձորում բանտի աշխատակիցն ու նրա ուսուցիչ եղբայրը փորձել են ոստիկանից խլել ատրճանակը. հնչել են կրակոցներ

Վանաձորում բանտի աշխատակիցն ու նրա ուսուցիչ եղբայրը փորձել են ոստիկանից խլել ատրճանակը. հնչել են կրակոցներ

Երեկ՝ հունվարի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 01:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ծառայողները՝ Մարատ Սահակյանն ու Գարիկ Հակոբյանը, նկատել են, որ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և գետնին ընկած մի քաղաքացու ծեծում են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենում են նրանց և պահանջում դադարեցնել խուլիգանական գործողությունները, սակայն «առյուծ կտրածները» հայհոյելով հարձակվում են ոստիկանության ծառայողների վրա՝ չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և ցուցաբերում են դիմադրություն:

Այդ անձանց խուլիգանական գործողությունները դադարեցնելու և մոտակայքում ծառայություն կատարող ոստիկանության իրենց գործընկերներին օգնություն կանչելու նպատակով Մ. Սահակյանը իրեն ամրակցված ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից երեք անգամ օդ է կրակել: Սակայն դա նույնպես չի զգաստացրել «առյուծ կտրածներին» և նրանք փորձել են Մ. Սահակյանից խլել զենքը:

Օպերատիվորեն ժամանած նրանց գործընկերներն ու ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից ոստիկանության Տարոնի բաժին են բերման ենթարկում Վանաձոր քաղաքի բնակիչներ, 32-ամյա Մհեր Պողոսյանին, 32-ամյա Գուրգեն Պողոսյանին և 28-ամյա Վաչե Ալեքսանյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հայտնաբերել է կրակված 3 պարկուճ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ. և Մ. Պողոսյանները հարազատ եղբայրներ են: Գ. Պողոսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի բանտում, Մ. Պողոսյանն էլ աշխատում է Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: