Տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովվի ու նրա հոր վերջին հրաժեշտի արարողությունը
Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը, տեղեկացնում է «Արևելքը»:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի Սուրբ Հովսեփ առաջնորդանիստ եկեղեցում: Կրոնական արարողությունը գլխավորել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանը, ներկա են եղել Ղամիշլիի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ Տեր Լևոն աբեղա Եղիայանը և քույր համայնքների կրոնական առաջնորդներ:
Ահաբեկչության զոհ դարձած Տեր Հովսեփ քահանայի մարմինը, ավանդույթի համաձայն, թաղվել է եկեղեցու խորանի ներքևում գտնվող հատուկ դարակի մեջ, իսկ նրա հոր մարմինը հողին է հանձնվել Ղամիշլիի գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 11-ի առավոտյան, ահաբեկիչների ձեռքով սպանվել է Սիրիայի Ղամիշլի բնակավայրի հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Արժ. Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը: Տ. Հովսեփը սպանվել է Հասաքիե-Դեր Զոր ճանապարհին, ըստ երևույթին, ահաբեկիչների կողմից արձակված կրակոցներից: Տեր Հոր մեքենայում եղել են նաև նրա հայրը և Ֆադի Սանո Սարկավագը: Հայրը մահացել է տեղում, քահանան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ սարկավագը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Հայտնի է, որ Տ. Հովսեփ Պետոյանը գնում էր Դեր Զորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: