Ճամբարակում կատարվում է դեպքի վայրի զննություն՝ 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ
Այս պահին կատարվում են որոնողական քննչական գործողություններ, լրացուցիչ կատարվում է դեպքի վայրի զննություն՝ 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Բացի դրանից՝ նախաքննության ընթացքում կատարվել են առաջնային հրատապ քննչական գործողություններ. հարցաքննվել են շուրջ 2 տասնյակ անձինք՝ թե տուժողները, թե հարևանությամբ բնակվող անձինք, ինչպես նաև նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ՝ դատապայթյունատեխնոլոգիական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, դիակի և դատաբժշկական փորձաքննություններ: Այդ մասին Ճամբարակում՝ պայթյունի վայրում գտնվող «Լուրերի» թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանը:
Նա նշեց, որ պայթյունը, նախնական վարկածով, բնական գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ստուգումներ եղել են համապատասխան կառույցների կողմից անվտանգության հարցը ճշտելու համար, Քոչարյանը ասաց հետևյալը. «Այս պահին քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում. նաև ստուգումներ են իրականացվում նշված հանգամանքը պարզելու ուղղությամբ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ, կան հոսպիտալացվածներ և 4 զոհ:
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ: