ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տարեցների արժանապատիվ կյանքը սերունդների միջև համերաշխության ու հասարակական կայունության երաշխիք է. ՄԻՊ

Տարեցների արժանապատիվ կյանքը սերունդների միջև համերաշխության ու հասարակական կայունության երաշխիք է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛տարեցներ,

Սրտանց շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա առիթով:

Այսօր մենք բոլորս ևս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու Ձեզ, շրջապատելու հոգատարությամբ և ջերմությամբ:

Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր այս արժեքների պահպանման համար, ինչպես նաև ապահովենք ձեր սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը հասարակական կյանքին ու առողջ ծերացումը:

Ձեր հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության բազմամյա գործունեությանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար: 

Դուք մեր պատմական արժեքները կրողը և հասարակական զարգացման կայունությունը պահպանողն ու փոխանցողն եք:

Մեր երկրի Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը: Մարդու իրավունքների միջազգային սկզբունքները ևս պահանջում են լիարժեք երաշխավորել տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք և արժանավայել կյանքը:

ՄԱԿ-ի հռչակած այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել տարեցների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վրա և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ ցանկանալով առողջություն և երջանիկ ծերություն»:

  

  • Կիսվել: