Թալինում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հռիփսիմե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
– սննդի կառույցի պատերը, դռները, հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն չեն մաքրվել և ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից,
– չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։