չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
ՇՄ նախարարը Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ՇՄ նախարարը Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 20-28-ը Լոնդոնում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի կլիմայական և բնապահպանական օրակարգը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև խթանելու ֆինանսական, տեխնոլոգիական և քաղաքական աջակցության ներգրավումը՝ կլիմայական և բնապահպանական նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։ Այդ մասին սոցցաանցում գրել է նախարարը։

Այցի շրջանակում Համբարձում Մաթևոսյաանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ։

Հանդիպումների ընթացքում գործընկերների հետ քննարկվել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, կազմակերպչական և բովանդակային առաջնահերթությունները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպաստելու COP17-ի հաջող անցկացմանը և կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղմանը։

  • Կիսվել: