շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կիրականացվի ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ․ ԲՏԱ նախարարը մամուլի ասուլիսին մանրամասներ է հայտնել

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կիրականացվի ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ․ ԲՏԱ նախարարը մամուլի ասուլիսին մանրամասներ է հայտնել

Ապրիլի 16-ին AI9 Startup Campus-ում տեղի է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսը, որի մասին մանրամասներ են ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար։

Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, առաջնահերթ համարելով ստարտափ էկոհամակարգի և նորարարության զարգացման խթանումը, մեծապես կարևորում է «Սևան Ստարտափ Սամմիթի» անցկացումը:

«Մենք կարևորում ենք տնտեսության նաև ոչ հումքային ոլորտների զարգացումը, և հատկապես այն ուղղությունների, որոնք բարձր հավելյալ արժեք են գեներացնում, ապահովում արտադրողականության աճ և խթանում տնտեսության կառուցվածքային վերափոխումը։ Այս համատեքստում հատկապես կարևորում ենք ստարտափների կայացումը՝ որպես առավել դինամիկ, ճկուն, արագ զարգացող և մեծ ներուժ ունեցող բիզնեսներ։ «Սևան Ստարտափ Սամմիթը» ոչ միայն հաջողված նախագիծ է ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, այլ նաև ունի գլոբալ բրենդ դառնալու և Հայաստանից տարբեր երկրներ արտահանվելու մեծ ներուժ»,-նշել է նախարարը:

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանի խոսքով այս տարի ունենալով Կառավարության աջակցությունը, Սամմիթը հանդիսանալու է 8 ոլորտային մեծ միջոցառումներ հյուրընկալող պլատֆորմ՝ դարձնելով այն բացառիկ և աննախադեպ:

««Սևան Ստարտափ Սամմիթ»-ը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կարևոր տարրերից մեկն է։ Այն հաջողությամբ հաստատել է իր ներկայությունը նաև մի շարք այլ երկրներում՝ դառնալով միջազգային ճանաչում ունեցող բրենդ։ Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների հետ ունենք երկարաժամկետ համագործակցության հստակ ձևավորված օրակարգ, և այդ երկրներում սամմիթն արդեն կազմակերպվում է ամենամյա ձևաչափով։ Այս պահին ունենք համագործակցության հստակ նախանշված ուղիներ նաև Հունգարիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։ Վստահ ենք, որ այդ նախաձեռնությունները ևս կյանքի կկոչվեն՝ Կառավարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շարունակական աջակցությամբ»,-ներկայացրել է Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով, ակնկալվում է, որ հուլիսի 20-26-ը Սամմիթը կունենա մոտ 15.000 այցելու, իսկ շուրջ 2000 մարդ կմնա վրանային ավանում:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը մինչ այժմ հյուրընկալել է ավելի քան 50.000 մասնակիցների և հյուրերի աշխարհի շուրջ 60 երկրներից: Միջոցառումը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում՝ տարիներ շարունակ հյուրընկալելով արտասահմանյան ստարտափ էկոհամակարգի բազմաթիվ ներկայացուցիցչների, որոնք, Հայաստան գալով, իրենց հետ բերել են նաև տարիների փորձով ձևավորված միջազգային ստարտափ մշակույթ:

  • Կիսվել: