երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման ցուցանիշով Հայաստանն աշխարհում վատթարագույն տեղում է.Փաշինյան

Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման ցուցանիշով Հայաստանն աշխարհում վատթարագույն տեղում է.Փաշինյան

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կյանքի որակի ցուցիչը՝ ըստ քաղաքների, շատ քիչ առաջընթաց ունի, տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերը վատացել են, ուստի պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը:

Ներկայացնելով Անվտանգության խորհուրդի պատրաստած զեկույցը՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի տեղի շարժընթացի վերաբերյալ, Փաշինյանն ասաց, որ աշխարհում տասնյակ ցուցիչներ կան, ամենատարբեր ոլորտների, և այդ ցուցիչների մեծ մասում՝ առյուծի բաժնում Հայաստանը շատ հստակ առաջընթաց է գրանցել: Սակայն, ըստ նրա, կան ցուցիչներ, որտեղ կամ առաջընթաց չենք գրանցել, կամ արձանագրված առաջընթացը շոշափելի չէ:

«Ես դրանք առանձնացրել եմ, որպեսզի նաև փոխվարչապետների և կառավարության անդամների հետ դա դարձնենք օրակարգ: Իհարկե, մեզ ամենաանհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու ցուցիչն է, և մենք արձագանքում ենք: Ընդ որում՝ այստեղ մեր քաղաքական ուղենիշը պետք է լինի հստակ, որ գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է իսկապես ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները, և սրա համար կան բոլոր քաղաքական նախադրյալները»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը գործարարությամբ զբաղվելու օրակարգը հստակ ձևակերպել է:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է գլոբալ ցուցիչների կարևորությունը նաև օտարերկրյա ներդրումների ներհոսքին նպաստելու առումով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության, պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը գործարար միջավայրի և ընդհանրապես քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինի բժշկական։

Վարչապետն անդրադարձել է նաև ըստ քաղաքների կյանքի որակի, տնտեսական ազատության ցուցիչներին, «Գլոբալ գենդերային ճեղքվածք» զեկույցին: Վերջինիս վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, ինչը համարել է շատ լուրջ պրոբլեմ, անթույլատրելի և անընդունելի երևույթ, որն անհամատեղելի է այսօրվա մեր իրականության հետ:

Նրա խոսքով՝ թեև սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման ցուցանիշով Հայաստանն աշխարհում վատթարագույն տեղերում է գտնվում, բայց նկատեց, որ այսօր ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են, իհարկե այստեղ որոշ դեր ունեցել է պատերազմը:

«Հետաքրքիրն այն է, որ մեր երկրում այս պրոցեսներին զուգահեռ, ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են։ Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Իհարկե, այստեղ շատ մեծ դեր է ունեցել պատերազմը, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում կա արձանագրում կանանց դերի վերաբերյալ։ Ըստ որի՝ կանանց դերի ընկալման էն իրավիճակը, որ մենք էսօր ունենք, սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար»,- շեշտեց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների կանխարգելման ուղղությամբ արդեն մշակվել է ազգային ծրագիր, և այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները:

Վարչապետը կոչ է արել հետևողական լինել այս հարցում:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նախարարները, կառավարության անդամներն իրենց ուղղություններով այդ զեկույցների հետ կապված ուշադիր լինեն, որովհետև դա ինդիկատոր է՝ կամ մեր իրականության, կամ մեր իրականության աշխարհի ընկալումների մասին, որոնք շատ կարևոր են: Եվ պետք է աշխատել և նաև գուցե հաղորդակցությունն ապահովել՝ ստանալ այդ ազդակները և ըստ այդմ ճշգրտել մեր օրակարգը: Բայց ուզում եմ արձանագրել, ինչպես ասացի, զեկույցների 90 տոկոսում Հայաստանը շատ լուրջ առաջընթաց է արձանագրել: Դա ժողովրդավարության զեկույցն է, այսօր մենք տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար երկիր ենք համարվում, խոսքի ազատության, մամուլի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, զբոսաշրջության զեկույցներն են, և տասնյակ զեկույցներում Հայաստանը հստակ շոշափելի մեծ քայլերով առաջընթաց է արձանագրում»:

 

  • Կիսվել: