ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սեղանի շուրջ ճոռոմ խոսում են, հետո բռնության ենթարկում կանանց. Արարատ Միրզոյան

Սեղանի շուրջ ճոռոմ խոսում են, հետո բռնության ենթարկում կանանց. Արարատ Միրզոյան

Վաղուց ժամանակն է, որ մենք պետք է շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ավելին ասեմ, Հայաստանում կա բռնություն կանանց նկատմամբ և կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված է ասել, որ դա կա մարզերում, բայց ես ստորագրում եմ ձեր բառերի տակ, դա կա Երևանում:

Մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնք վերաբերյալ սեղանների շուրջ ընդունված է ճոռոն բառեր ասել և կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ: Եթե խտրականության դեպքում, օրինակ հանրային կյանքում, տնտեսական կյանքում, ինչ-որ հավելյալ գործիքների կարիք կա, բացի կրթությունից և հոգեբանական ինչ-որ ասպեկտներից, օրինակ, մանկապարտեզներ, մսուրներ, դայակներ, որպեսզի խրախուսենք, կանանք ավելի ներգրավվեն և հաղթահարենք այդ խտրականությունը, ապա բռնության դեպքում դա ընդհանրապես անբացատրելի և անհանդուրժելի է։

Ես կարծում եմ, որ մենք շատ հատու, վճռական և անողոք պայքար պետք է մղենք ընտանեկան բռնության դեմ և հստակ գործիքներ մշակենք կրթությունում, օրինակ, կանխարգելման նպատակով, ՆԳՆ-ում արագ արձագանքման նպատակով և այլն: Սա պետք է լինի մեր առաջնահերթյուններից մեկը»,-ասաց Միրզոյանը:

Փաշինյանը ամբողջությամբ համաձայնեց ասվածին եւ հավելեց. «Նաև բռնության ընկալումը մեզանում ամբողջական չի։ Մեզ թվում է, թե բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտն է, եթե ֆիզիկական կոնտակտ չկա, ուրեմն չկա բռնություն: Իրականում հետազոտությունները, որը ես կարդալու առիթ ունեցել եմ, ասում են, որ բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտը չի: Ֆիզիկական կոնտակտի, ֆիզիկական ներազդեցության բացակայությունը դեռևս չի նշանակում բռնության բացակայություն: Բռնության ձևեր կան, որոնք չի նշանակում, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին խփում է: Եթե այս տեսակետից նայենք, ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ բռնության միջավայր կա, մեծ հաշվով:

 

Այն, որ կա բռնություն և բռնության միջավայր, դա ակնհայտ է: Ընդհանուր առմամբ մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետև  վերբալ բռնությունն էլ է բռնություն: Եթե  այս առումով գնահատենք իրադրությունը, շատ ավելի տխուր պատկեր կստանանք»:

  • Կիսվել: