Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին կոչ ենք անում զգոն լինել, չտրվել սադրիչ գործողություններին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին կոչ անելով զգոն լինել և չմասնակցել որևէ մասնավոր նախաձեռնություններին և հավաքներին, իսկ որևէ սադրիչ դրսևորումների դեպքում անպայման դիմել դիվանագիտական ներկայացուցչություն:
«Տեղեկացնում ենք, որ վաղ առավոտից դեսպանությունը բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում հայրենակիցներից՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի և նրա խաղաղ բնակչության դեմ սկսված ռազմական գործողությունների հետ:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրում ենք Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին զգոն լինել և չմասնակցել որևէ մասնավոր նախաձեռնություններին և հավաքներին, իսկ որևէ սադրիչ դրսևորումների դեպքում անպայման դիմել դիվանագիտական ներկայացուցչություն:
Նշենք նաև, որ Հայաստան մեկնել ցանկացող մեր քաղաքացիները կարող են կապվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով: +7(966) 118 - 89-84, կամ ուղարկեք ձեր տվյալները էլ.փոստ: datacitizen@armem.ru։
Միաժամանակ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ հակառակորդը, բացի մարտական գործողություններից, ապատեղեկատվություն է տարածում, մասնավորապես, սոցիալական ցանցերում ՝ տարբեր գործողություններ հրահրելու նպատակով, այդ թվում ՝ աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների շրջանում:
Խնդրում ենք բոլորիդ զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվության տարածումից, առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներով (mil.am) և չտրվել սադրիչ գործողություններին»,- ասված է հայտարարությունում։