Պետք է խնդիրը լուծենք մեր մասով. Ավինյանը՝ ավտոմեքենաներում կատալիզատորի բացակայության մասին
2025 թվականի մայիս ամսվա օդի որակի վերաբերյալ զեկույցից հետո Ավինյանը նկատեց, որ ծրագրից դուրս է մնացել տեխզննման կայանների ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ բոլոր տեսակի վնասակար արտանետումների չափման հատվածը:
«Իրապես զարմանալի է, անկեղծ ասած։ Չգիտեմ՝ ինչ հիմնավորում և բացատրություն կան դրան, որ, օրինակ, մարդը որոշում է, որ պետք է իր ավտոմեքենայի կատալիզատոր կոչվածը հանի և թունավորի բոլորին։ Չգիտեմ, երևի խնայողություն է դրանով ստեղծվում, բայց մարդը չի հասկանում, որ այդ իր հանած կատալիզատորը ամբողջ շրջակա միջավայրը թունավորում է։ Գոնե այս հատվածի համար հասկանանք՝ նորմա՞լ է, որ ավտոմեքենան պետք է թունավորի մեզ բոլորիս։ Ենթադրում եմ՝ նորմալ չէ։ Այնպես չէ՝ ավտոմեքենան մեր ազգային արժեքն է, որ պետք է թույնի բոլորիս: Մենք ոչ միայն պետք է բարձրաձայնենք, այլև լուծենք մեր մասով»,- ասաց քաղաքապետը։