կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Պատվաստումների շնորհիվ ՀՀ-ում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է․ ԱՆ

Պատվաստումների շնորհիվ ՀՀ-ում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է․ ԱՆ

Իմունականխարգելման շաբաթվա շրջանակում իրականացված մի շարք միջոցառումներն ու տեղեկատվական արշավներն ամփոփվեցին երկօրյա դասընթաց- սեմինարով:

Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, իմունականխարգելման և պատվաստանյութերի թեմաների լուսաբանման վերաբերյալ դասընթաց է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, հայտնում են նախարարությունից։

««Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Դրանց շնորհիվ է, որ աշխարհում էլիմինացված է բազմաթիվ
կյանքեր խլած բնական ծաղիկը, Հայաստանը ազատ երկիր է պոլիոմելիտի առումով, 2007-2023թթ. չեն արձանագրվել կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր»,- ընդգծել է ԱՆՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:

Նա նշել է, որ մեր երկրում մեկ տարեկաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է, իսկ վերջերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13%-ը։ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան կարևորել է Հայաստանի առողջապահության նախարարության գործուն ջանքը իմունականխարգելման հարցում.

«Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆթերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից և այլ վարակիչ հիվանդություններից՝ պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ` իրավունք։ Եվ դուք՝ որպես կարծիք ձևավորողներ, ունեք այս կարևոր պարտականությունը՝ մարդկանց տրամադրելու ապացույցների վրա հիմնված, գիտականորեն ապացուցված տեղեկատվություն՝ այդպիսով աջակցելով առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի ջանքերին այս շատ կարևոր և կյանքեր փրկող գործում», – դիմելով լրատվամիջոցներին` նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթա Դատտան։

Առողջապահության ոլորտում ապատեղեկատվության կառավարման, իմուն-իրազեկման գործընթացում մեդիայի դերի, նոր պատվաստանյութերի, ռազմավարությունների ներդրման և գիտական փաստերի մասին են խոսել ՀՎԿԱԿ մասնագետները:

Դասընթացը լրագրողների համար հնարավորություն էր առանձին հարցազրույցներ կազմակերպելու, տարատեսակ հարցադրումներ անելու, պատվաստանյութերի վերաբերյալ միֆերի մասին մասնագիտական պատասխաններ ստանալու»,-ասված է հաղորդագրության մեջ:

 
 

  • Կիսվել: