ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Փաստ». Կառավարությունում քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը

«Փաստ». Կառավարությունում քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը

««Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բավական ինտենսիվ քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային օր սահմանել հունվարի 3-5-ը: 

Հիշեցնենք, որ ներկայումս գործող օրենքով ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ից 5-ը (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն): Նույն օրենքով Սուրբ ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը ևս ոչ աշխատանքային է, որպես Հիշատակի օր։

Ի դեպ, սա հինգ տաղավար տոներից միակն է, որի հաջորդ օրը օրենքով սահմանված է որպես Հիշատակի օր:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ նմանօրինակ մի նախագիծ էր առաջարկել, որը, սակայն, պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել և չէր մտել լիագումար նիստերի օրակարգ։ 

Իշխանափոխությունից հետո այս թեման նորից ակտիվացավ, սակայն նախագծին այդպես էլ ընթացք չտրվեց:

Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին հանգստանանք ընդամենը 4 օր։ Դեռևս պարզ չէ՝ հունվարի 7-ն էլ են դարձնելո՞ւ աշխատանքային, ինչպես մյուս տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների դեպքում, թե՞ ոչ»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: