Փաշինյանը՝ մասսայական թեստավորման մասին
Հայաստանում բնակչության մասսայական թեստավորում իրականացնելու համար ֆինանսական խնդիր չկա, այլ կա հզորությունների զարգացման հարց: Այս մասին այսօր արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե որոշ երկրներում մասսայական թեստավորումներ են արվել, որոնք օգնում են եթե ոչ զրոյացնել, ապա կտրուկ նվազեցնել վարակակիների թիվը:
Պատգամավորի խոսքով՝ մայիսի 7-ին Ուկրաինայում է մասսայական թեստավորման որոշում ընդունվել, Մոսկվայում մայիսի 15-ից ևս ընթանում են մասայական թեստավորումներ, իսկ ամենացայտուն օրինակը Հարավային Կորեան է, որտեղ փետրվարից անցկացվում են մասսայական թեստավորումներ:
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ համաձայն եմ, բայց դա նաև հնարավորությունների հարց է, որովհետև այդ թեստավորումը բավականին բարդ պրոցես է, նաև հզորությունների հարց կա:
«Երեկ Առողջապահության նախարարությունը մեր խորհրդակցության ժամանակ ասում էր, որ փողը ձեռքներս թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ չենք կարողանում ձեռք բերել: Փողի խնդիր չկա: Ամբողջ աշխարհում այդ ապրանքների շատ մեծ դեֆիցիտ է, և հերթի կանգնած պետք է սպասենք, որ դա ձեռք բերենք»,-ընդգծեց վարչապետը։
Նրա խոսքով՝ գրեթե ամեն օր Հայաստանում իրականացվում է 2297 թեստավորում։ «Օրինակ, երեկ արել ենք 2297 թեստավորում, ոչ թե այդքան մարդու, այլ այդքան թեստ: Սա համարյա մեր եզրային գիծն է: Համաձայն եմ դրա հետ, դա որոշումով չէ: Եթե իմանամ, որ հիմա գնամ որոշում ստորագրեմ, հաջորդ օրվանից դա տեղի կունենա, հենց հիմա ստորագրեմ, բայց ուղղակի պետք է հզորությունները զարգացնենք: Ֆինանսական խնդիր չունենք»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ, օրինակ, Հարավային Կորեան 1 մլն մարդու հաշվով արել է 21 հազար թեստ, Ուկրաինան՝ 10 հազար թեստ, մենք՝ 25 հազար թեստ: «Այսինքն՝ 1 մլն մարդու հաշվարկով մենք ավելի շատ թեստ ենք արել: Նկատի ունեմ՝ լուրերից երբեմն լիարժեք տեղեկատվություն չի գալիս։ Բայց էլի եմ ասում, Ձեր մտքերը կիսում եմ, ու ինչքան շատ անենք, այնքան լավ։ Եթե ասիմպտոմ մարդն իմանա, որ վարակված է, ավելի զգույշ կլինի։ Եվ մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ այդ խնդիրը կարողանանք լուծել։ Այդ համատարած թեստավորումը հարաբերական է, քանի որ կարող ենք օրական մինչև 10 հազար թեստ անել, բայց չենք կարող մի շաբաթում ամբողջ բնակչությանը թեստավորել»,- ասաց վարչապետը։


