Դեսպան Խաչատրյան ու Լուվրի թանգարանի տնօրենը քննարկել են համատեղ նախաձեռնությունների զարգացման հեռանկարները
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացման և թանգարանային ոլորտում համատեղ նախաձեռնությունների զարգացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանը՝ 2024 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Որպես համագործակցության կարևոր հանգրվան՝ ընդգծվել է 2025–2026 թվականներին Երևանում ներկայացված «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը, որը հնարավորություն է տվել համադրելու երկու թանգարանների հավաքածուները և միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական մշակութային ժառանգության հարստությունը։
Դեսպան Խաչատրյանն ընդգծել է համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ մասնավորապես համատեղ ցուցահանդեսների, գիտական հետազոտությունների, մասնագիտական փոխանակումների և Ֆրանսիայում հայկական արվեստի ու մշակութային ժառանգության առավել լայն ներկայացման միջոցով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Լուվրի Բյուզանդական արվեստի և Արևելյան քրիստոնեական մշակույթների բաժնի շրջանակում համագործակցության հնարավորություններին։
Ընդգծվել է մշակութային համագործակցության կարևոր դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման գործում։



