երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Օգտվել է դատարան դիմելու իր իրավունքից. Շուտով հայցը հետ կվերցնի. Ավանեսյանը՝ իր դեմ հերթական հայցի մասին

Օգտվել է դատարան դիմելու իր իրավունքից. Շուտով հայցը հետ կվերցնի. Ավանեսյանը՝ իր դեմ հերթական հայցի մասին

Գիտեք, Թոքաբանության ազգային կենտրոնում էլ մարդիկ են աշխատում և հիվանդանում են, և անգամ կարմրուկով: Չեմ հասկանում դեպքի սկանդալային երանգները: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով հարցին, թե Թոքաբանության ազգային կենտրոնում կարմրուկի դեպք է արձանագրվել, երկու բուժաշխատող է վարակվել, ի՞նչ է տեղի ունեցել և ինչպե՞ս է այդտեղ կարմրուկ արձանագրվել:

«Այո, 2 բուժաշխատող հիվանդացել են և բուժվել։ Այլ ԲԿ-ից էլ էլի եղել են մարդիկ, որոնք եւս հիվանդացել են: Ի՞նչն է խնդիրը»,- ասաց Ավանեսյանը եւ հավելեց, որ անձնական գաղտնիք է, թե որ բուժաշխատողներն են եղել:

«Կարող եք իրենցից հարցնել, եթե գիտեք՝ ով է հիվանդը: Ես չեմ կարող հրապարակել, թե որտեղ են հոսպիտալացվել, ինչպես են բուժվել»:

Դիտարկմանը, թե իր դեմ հերթական հայցն է ներկայացվել, այս անգամ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, ինչպես կմեկնաբանի, Ավանեսյանն ասաց. «Չեմ մեկնաբանում, մարդն օգտվել է դատարան դիմելու իր իրավունքից, դիմել է: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունի տնօրենի նոր պաշտոնակատար, կարծում եմ նա շուտով հայցը հետ կվերցնի»:

Հարցին՝ շատ են նրա դեմ դատական հայցերը, ինչո՞վ է պայմանավորում, սխալ որոշումներո՞վ, Ավանեսյանն ասաց, որ  շատ գործունեությամբ, որի արդյունքում լինում են և՛ դատական գործեր, և՛ այլ ակտիվություն:

  • Կիսվել: