չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

«Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշում է  ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանը։

Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։

Մասնագետի խոսքով՝ պետք չէ բռնել օձին, պարզապես պետք է զանգել 112, և փրկարարները կգան իրենք կտեղափոխեն անվտանգ վայր։

Օձի խայթոցի դեպքում պետք է շատ հեղուկներ խմել և դիմել բուժօգնության։

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր և պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։

  • Կիսվել: