Ոչ բոլոր սնկերն են ուտելի. Առողջապահության նախարարության զգուշացումը
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ:
Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.
🔹Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ:
🔹Չհավաքել սունկ ճանապարհների եզրերից:
🔹Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել:
🔹Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները, ըստ որոնց` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը:
🔹Չուտել հում սունկ:
🔹Երեխաների սննդում սունկ չներառել:
🔹Խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ:
🔹Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր:
🔹Թարմ սունկը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում:
🔹Չզբաղվել ինքնաբուժմամբ:
Սնկից առաջացած թունավորումները ունենում են սուր ընթացք: Առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամ:
Կլինիկական հիմնական ախտանշաններն են`
🔹որովայնի կտրուկ ցավը,
🔹սրտխառնոցը, անընդհատ փսխումները,
🔹գլխապտույտը, գլխացավը, գիտակցության կորուստը,
🔹առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, անհագ ծարավի զգացումը,
🔹դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը,
🔹հալյուցինացիաները` առանց քնկոտության, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը:
Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի: