շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս տարվա՝ «Վաղ գործե՛ք դիաբետի դեմ» խորագիրն ընդգծում է, որ վաղ ախտորոշումն ու ժամանակին բուժումը կարող են օգնել կանխելու հիվանդության լուրջ բարդությունները և բարելավել կյանքի որակը։

Առողջապահության նախարարությունը մշտապես ընդլայնում է շաքարային դիաբետի արդյունավետ կառավարմանն ուղղված միջոցառումները։

🔹Այս տարի մեկնարկել է ՀՀ-ում հաշվառված մինչև 18 տարեկան շուրջ 1100 ինսուլինակախյալ պացիենտների՝ արյան մեջ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով ապահովման և սպասարկման ծրագիրը։
Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների բուժման շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվում են նաև դեղ և բժշկական արտադրատեսակների տրամադրման պետական ծրագրեր, ըստ որոնց`
 մինչև 18 տարեկան շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին տրամադրվում է ծանր հիպոգլիկեմիայի դեպքում անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված դեղ,
 մինչև 40 տարեկան ինսուլինակախյալ պացիենտներին տրամադրվում են 2 տեսակի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ և ասեղներ,
 մինչև 40 տարեկան պացիենտներին, անվճար տրամադրվում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափող սարքեր և դրանց համար նախատեսված թեստ-երիզներ,
 մինչև 28 տարեկան պացիենտներին տրամադրվում է կետոնային մարմինների ստուգման թեստ-երիզներ,
 շաքարային դիաբետ ունեցողներին տրամադրվում են եվրոպական արտադրության մարդկային ազդեցության 3 տեսակի ինսուլին,
 շաքարային դիաբետ ունեցողներին նաև տրամադրվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման համար նախատեսված դեղ:

🔹Առողջապահության նախարարության և Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցությամբ ու Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի կարևոր ձեռքբերումներից է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Հայաստանում առաջին դիաբետիկ ոտնաթաթի կենտրոնի բացումը։ Այն հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել և բուժել դիաբետիկ ոտնաթաթի բարդությունները։ Դիաբետի դպրոցները շարունակում են իրենց աշխատանքը, իսկ դրանց աշխարհագրությունն ընդլայնվում է՝ ընդգրկելով նոր համայնքներ։

🔹Երևանում և մարզերում շարունակվում են շաքարային դիաբետ ունեցող անձանց ակնաբուժական զննումները՝ տեսողությանը սպառնացող բարդությունները վաղ հայտնաբերելու և ժամանակին բուժելու նպատակով։ Հանրային կրթության միջոցառումները ևս շարունակվում են՝ ընդգծելով առողջ ապրելակերպի և շաքարային դիաբետի ամենօրյա կառավարման կարևորությունը բարդությունների կանխարգելման գործում։

  • Կիսվել: