հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար

Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար

«Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում պարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։

Ավելին, Ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր՝ նախադեպը չունեցող մոտեցում՝ գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։«Մեքենան ուղեկցվում է պահպանվող հատուկ տարածք։ Գործին ներգրավվում է փորձագետ։ Փորձագետը տրանսպորտային միջոցը ենթարկում է զննության և հաստատում վերասարքավորված լինելու հանգամանքը»,- նշում է ՊԾ Երևան քաղաքի գնդի վարչական վարույթի իրականացման բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Դավիթ Գևորգյանը։Իրավական տեսանկյունից՝ փորձագետների ներգրավումը առավել անխոցելի է դարձնում Ոստիկանության վարչարարությունը։ Բացի այդ, վարչական ակտը դառնում է առավել հիմնավոր և հասցեատերերի համար համոզիչ։

«Արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո Պարեկային ծառայության կողմից վերցվում է հաշվառման վկայագրի բնօրինակը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր հաշվառման վկայագիր՝10-օրյա ժամկետով։ Այնուհետև 10-օրյա ժամկետում վարորդի կողմից թերությունը վերացնելու դեպքում ներկայացվում են համապատասխան ապացույցներ և վարորդին տրվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը»,- մանրամասնում է Դավիթ Գևորգյանը։Ապրիլ ամսին փորձագետի ներգրավմամբ զննության է ենթարկվել 5 տրանսպորտային միջոց, իսկ մայիս ամսվա ընդամենը մի քանի օրերի ընթացքում արդեն՝ 8»,–ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: