երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Նախագիծ՝ գոյություն չունեցող խնդրի մասին. Հայկ Սարգսյան

Նախագիծ՝ գոյություն չունեցող խնդրի մասին. Հայկ Սարգսյան

Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադառնալով հարցին՝ ինչպես է վերաբերում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած «Ընտանեկան օրենսգրքում»  փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, նշեց, որ նման խնդիրների մասին պետք է հնարավորինս  քիչ խոսեն։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը և արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել:

«Ամեն անգամ նման հարցեր բարձրացնելով, այն ավելի մեծ նշանակություն ու կարևորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Գևորգ Պետրոսյանը օրենքի նախագիծ է բերել, որով ցանկանում է արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը, մինչդեռ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ միասեռականները երեխա որդեգրեն:

«Այսինքն՝ նա նախագիծ է բերել գոյություն չունեցող խնդրի մասին և անընդհատ շահարկում է»,- ընդգծեց Հայկ Սարգսյանը։

Նա միաժամանակ նշեց, որ իր խմբակցությունում Գևորգ Պետրոսյանի ելույթը խժդժությունների առարկա չի դարձել։

 

  • Կիսվել: