Մյուս տարի աղբահանության խնդիր չի առաջանա. փոխքաղաքապետ
«Եթե քաղաքապետարանն ունենար կասկածներ, որ հիմնավորումները այդքան կայուն եւ ուժեղ չեն, ապա չէր գնա այդ պայմանագրի խզմանը, ուստի քաղաքապետարանի գործողութուններն արդեն իսկ բացատրում են մեր հիմանվորումների ամրությունը մեր տեսանկյունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հայ Սարգսյանը՝ խոսելով «Սանիթեքի» հետ պայմանագրի խզման մասին:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ սանմաքրման եւ աղբահանության խնդրի ամբողջական ցիկլը դեռ ավարտված չէ, ուստի և նոր օպերատորի ներգրավման հարց չի քննարկվում:
«Աղբահանությունը կարգավորված է, բայց սանմաքրման կոմպոնենտը դեռ ավարտված չէ, մենք շարունակում ենք աշխատանքի ընդունել հավաքարարների, մաքրողների, նոր տեխնիկայի ենք սպասում, նշել ենք 17 միավոր փոշեկուլներ, որոնք շատ տեղերում կփոխարինեն ձեռքի աշխատանքին, իսկ ձեռքի աշխատանքները տեղափոխվելու են բակային տարածքներ։ Երբ մենք ավարտենք ամբողջական ցիկլը, կունենաք գծերի վրա դրված համակարգ, պատրաստ կլինենք քննարկել նաեւ որեւէ մաս որպես մրցակցային առավելություն տալ մասնավոր հատվածին»,-ասաց փոխքաղաքապետը և հավաստիացրեց, որ քաղաքացիները կարող են վստահ լինել, որ մյուս տարի աղբահանության խնդիր արդեն չի առաջանա, քանի որ հարցը հիմնովին լուծված է: