Մտածում ենք այնպիսի նախագիծ իրականացնել, որպեսզի ջուրը գա և ջրամբարի մեջ լցվի ինքնահոս եղանակով. Փաշինյանը՝ Եղվարդի ջրամբարի մասին
Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում առկա է ջրի հետ կապված խնդիր: Այս մասին այսօր Եղվարդ համայնքում շրջայցի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Եղվարդի ջրամբարի հետ կապված խնդրի մասին:
Նրա խոսքով՝ Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը։
«Եղվարդի ջրամբարի խնդրի շուրջ մտածում ենք։ Նախապես նախագծվել էր, որ ջրի մի մասը պետք է մղվեր պոմպակայանով, բայց այժմ նախագիծն անիրագործելի է, որովհետև այդքան էլեկտրաէներգիա չկա։ Մտածում ենք այնպիսի նախագիծ իրականացնել, որպեսզի ջուրը գա և ջրամբարի մեջ լցվի ինքնահոս եղանակով։ Կարող է մասշտաբը փոխելու անհրաժեշտություն լինի. ծավալը փոքրացնենք և այդպես կառուցենք ջրամբարը»,-նշեց վարչապետը։
Նա նաև ասաց, որ գրեթե բոլոր համայնքներում մարդիկ խոսում են ջրի խնդրի մասին, մինչդեռ Հայաստանը հասել է զարգացման այնպիսի կետի, որ առանց ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման երկրի հետագա զարգացում չի լինի։


