Մկրտչյանը Դոհայում կմասնակցի «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին
Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ աշխատանքային այցով գտնվում եմ Դոհայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Այցի շրջանակում մասնակցելու եմ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին, ինչպես նաև հանդիպումներ կունենամ մի շարք միջազգային գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ․ առաջիկայում Կատարի Պետության կողմից ստորագրման կներկայացվի նաև ոլորտային համագործակցության զարգացման հուշագիրը։
Այսօր գործընկերոջս՝ Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք հավասար հնարավորությունների ապահովման, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում ՀՀ գործող դեսպան Արմեն Սարգսյանը։
Ներկայացրել եմ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները․ այս համատեքստում, մասնավորապես՝ ընդգծել եմ Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնման ու e-disability.am հարթակի գործարկման կարևորությունը։
Ոլորտային մի շարք կարևոր թեմաներից զատ՝ անդրադարձել ենք նաև Հայաստանում ու Կատարում աջակցող միջոցների արտադրությամբ և զարգացմամբ զբաղվող ընկերությունների վերապատրաստման ու փորձի փոխանակման հնարավորությանը, ինչը երկուստեք թույլ կտա նպաստել աջակցող միջոցների որակի բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները։ Ներկայացրել եմ ինստիտուտի զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքականությունը և նշել, որ վերջինիս կայացումը շարունակում է լինել ոլորտային առաջնահերթություններից։
Հանդիպման ընթացքում դիտարկել ենք նաև քննարկված թեմաների շուրջ ՀՀ-ում ու Կատարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներ և միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը։ Զրույցի ընթացքում կարևորել ենք նաև ընտանիքի ինստիտուտի հզորացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը․ այս համատեքստում ներկայացրել եմ Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը՝ նշելով, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծումը փաստաթղթով սահմանված չորս հիմնական ուղղություններից մեկն է»,-նշել է նա: