ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մեծ Հաղթանակի 80-ամյակին Հայաստանի իշխանություններն անտեսեցին Հայրենականի վետերաններին

Մեծ Հաղթանակի 80-ամյակին Հայաստանի իշխանություններն անտեսեցին Հայրենականի վետերաններին

 Թեպետ այսօր Մեծ Հայրենական Պատերազմի Հաղթանակի 80-ամյակը մեծ շուքով նշվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, Հայաստանում այս նշանակալի օրը ՀՀ իշխանությունների կողմից առաջին անգամ գրեթե անտեսվեց, այն դեպքում, որ երկրորդ աշխարհամարտում հայերը բնակչության թվի համամասնությամբ ռուս ազգից հետո ունեցել են ամենաշատ զոհերը և տվել ամենաշատ հերոսներ և ռազմական առաջնորդներ։

Իշխանական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարությամբ առավոտ կանուխ ժամանեց Հաղթանակի զբոսայգի և տաս րոպե տևած արարողակարգից հետո հեռացավ։ Մինչդեռ ավանդաբար Հաղթանակի նվիրված միջոցառումները անմար կրակի մոտ մեկնարկում էին ավելի ուշ ՀՀ կառավարության, օրեցօր նվազող Հայրենականի վետերանների և դիվանագիտական ներկայացուցչությունների պատվիրակների մասնակցությամբ։

Այս անգամ դիվանագիտական ներկայացուցչությունների պատվիրակությունները, կենդանի մնացած մի քանի վետերան, ռուսական բաժնեմասով որոշ հիմնարկների կոլեկտիվներ ժամանեցին կառավարական պատվիրակության մեկնումից հետո։ Տպավորություն էր, որ կառավարության և Ազգային ժողովի արարողակարգը փորձել է գործել հնարավորինս ծածուկ, չի հրապարակել կառավարական պատվիրակության Հաղթանակի զբոսայգի մեկնելու ժամը։ Ըստ երևույթին փորձել էն արարողակարգը հնարավորինս անշուք և արագ ավարտել։

ՀՀ Վետերաների միության նախագահ Սիմոն Եսայանը լրագրողների հետ զրույցում չկարողացավ զսպել իր զարմանքն ու զայրույթը կառավարության նման պահվածքի առնչությամբ։ Նա ասաց, որ այսքան տարվա մեջ առաջին անգամն է, որ կառավարության և օրենսդիրի անդամները որևէ կերպ չշնորհավորեցին և ուշադրության չարժանացրեցին արդեն իսկ սակավաթիվ վետերաններին։ «Առաջին անգամն է, որ կառավարությունից մեզ հետ չեն կապվել, արարողակարգի մասով ոչինչ չեն զգուշացրել։

Երբեք կառավարության պատվիրակությունը ժամը 9-ին չի եկել Անմար կրակի մոտ, միշտ արարողությունը եղել է ժամը 11-ին։ Միշտ ըստ արարողակարգի անմար կրակի մոտ առաջինը ծաղիկներ պետք է խոնարհեն վետերանները։ Իսկ հիմա, տեսեք ինչ անկազմակերպ վիճակ է, 104-ամյա վետերանը եկել է Անմար կրակի մոտ, բայց կառավարությունից ոչ մեկը չկա, որ գա նրան շնորհավորի, խոնարհվի և սա Մեծ Հաղթանակի 80-ամյակին։

Մինչդեռ Ֆրանսիայի դեսպանը այս մարդուն հատուկ մեդալով է պարգևատրել իր փառապանծ ուղղու համար»,- զայրացած նշեց Եսայանը։

Նա նաև ասաց, որ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նախկին ԽՍՀ բոլոր հանրապետությունները հուշամեդալներ են թողարկել և դրանցով պարգևատրել դեռևս կենդանի մնացած վետերաններին, մինչդեռ Հայաստանի վետերանները այդպես էլ մնացել են անտեսված, ՀՀ իշխանությունները միակն են եղել, որ նման մեդալ չեն թողարկել։ «Եվ սա այն դեպքում, որ ռուս և բելառուս ժողովուրդներից հետո Հայաստանը երրորդն է եղել, թե պատերազմի մասնակիցների, թե հերոսների ու բարձրաստիճան զինվորականների և թե զոհերի թվով»,- եզրափակեց Եսայանը։

  • Կիսվել: