շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Լեհական օգնություն»․ նոր քայլարշավային երթուղի «Սևան» ազգային պարկում

«Լեհական օգնություն»․ նոր քայլարշավային երթուղի «Սևան» ազգային պարկում

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը սիրով տեղեկացնում է «Սևան» ազգային պարկում նոր քայլարշավային երթուղու բացման մասին։ Նախագիծը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից՝ «Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում։

Դեսպանությունից հայտնում են, որ նախագիծը միտված էր «Սևան» ազգային պարկի տարածքում ենթակառուցվածքների բարեկարգմանն ու վերականգնմանը՝ գծանշելով քայլարշավային արահետը, որը կապում է Սևանի բուսաբանական այգին Արջանոց լեռան ամենաբարձր գագաթի հետ՝ երևան բերելով դեպի Սևանա լիճ բացվող ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։

«Գծանշված արահետները կնպաստեն առավել անվտանգ դարձնելու քայլարշավները և ավելի կայուն օգտագործելու բնական ռեսուրսները ՝ գլխավորապես տվյալ տարածաշրջանում զբոսուղիների կարգավորման միջոցով։

Աշխատանքի արդյունքում վերականգնվել և գծանշվել է արդեն իսկ գոյություն ունեցող արահետը՝ ապահովելով «Սևան» ազգային պարկի հյուսիսային հատվածի հետ կապը, ինչպես նաև տեղադրվել է նստարան՝ այցելուների հանգստի համար։

Նախագիծը համախմբել է տեղի կամավորներին և մասնագետներին, ովքեր «Սևան» արշավականների ակումբի ներկայացուցիչների հետ միասին աշխատել և մնացել են ճամբարում։ Կամավորները ձեռք են բերել գիտելիքներ արահետների գծանշման և կառուցման տեխնիկայի վերաբերյալ՝ ի նպաստ ուղիների պահպանմանն ու դրանց հետագա կայուն զարգացմանը։ Բացման արարողությունը մեկնարկեց խմբային արշավով։ ԳՏՀ (GPS) արահետը և նկարագրությունը շուտով հասանելի կլինեն հայկական հավելվածներում և տուրիստական հարթակներում։

Ցանկանում ենք աջակցության համար շնորհակալություն հայտնել տեղական իշխանություններին, «Սևան» ազգային պարկին, «ԹՐԵՅԼՍ ՖՈՐ ՉԵՅՆՋ» կազմակերպությանը, «Սևան» արշավականների ակումբին, Սևանի բուսաբանական այգուն»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: