Կստեղծվի կարիքները գնահատող խումբ. մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի մասին
Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում։
«Հանձնարարեցի իմ որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։
Հանձնարարեցի նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով»,- գրել է մարզպետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, զոհերի թիվը հասել է 2–ի։
Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ որ հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է։
Կան նաեւ փլատակներում գտնվող անձինք, նրանց որոնում են։