Կոչ եմ անում դուրս բերել այս արհեստական օրակարգը ՀՀ-ից՝ Անդրանիկ Քոչարյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
«Մենք խոսում ենք մի հիվանդության մասին, որն անհատի մոտ որքան աննկատ առաջանում, նույնքան աննկատ կլ հեռանում է եւ չունի ժառանգաբար փոխանցվելու որեւէ հատկություն: Դրա բուժման խնդիրը բացառապես ժամանակին եւ սերնդային է»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ աղմուկի մասին:
Նա նշեց, որ վերջին ժամանակներս ոչ միայն հասարակության մեջ, այլեւ խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանությունների կողմից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիան, ընդ որում՝ ոչ թե թե բուն կոնվենցիան, այլ դրա անվան տակ քողարկված մեզ համար խորթ երեւույթներ:
«Այժմ այս թեմային վերաբերող քննարկումներին արհեստածին եւ անտեղի թափ հաղորդելով փորձ է արվում խթանել այդ հիվանդության տարածումը: Ընդունելով այն հանգամանքը, որ մենք խնդիրը լուծող իրավական կարգավորումների կարիք ունենք, ստացվում է, որ ընդունում ենք նաեւ հայաստանյան իրականության մեջ տվյալ երեւույթի արդիական լինելը, ինչը չի համապատասխանում իրականությանը»,-հավելեց Քոչարյանը
Նա կոչ արեց դուրս բերել այդ, իր խոսքով, արհեստականորեն ստեղծված օրակարգը ոչ միայն ԱԺ-ից, այլեւ ՀՀ սահմաններից, քանի որ «մեր երկրում մենք չունենք նմանօրինակ խնդիր, այն էլ իրավական կարգավորման համատեքստում»:
«Ինչպես բժիշկները կարող են վարակվել այս կամ այն հիվանդությունից բուժվող պացիենտից, այնպես էլ հորդորում եմ նոր գործընկերներին՝ չդառնալ վերոնշյալ հիվանդության տարածողը, քանի որ այդ դեպքում հնարավոր է անգիտակցաբար դառնալ նաեւ դրա կրողը»,-իր խոսքը եզրափակեց պատգամավորը: