ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 11-ի նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, հայ-ռուսական միջկառավարական նիստի շրջանակում: Այն կոչված է կարգավորելու համալսարանի գործունեությունը, ուղղված է կրթական եւ գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդրությունների համապատասխանեցմանը: Զեկուցողը նշել է, որ համաձայնագրով ՀՀ-ում Ռուս-հայկական համալսարանը հանդիսանում է պետական համալսարան՝ հիմնադրամի կարգավիճակով: Համալսարանի կառավարման մարմիններն են կառավարման խորհուրդը, ռեկտորը եւ գիտական խորհուրդը:

 

Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Լիլիթ Գալստյանի ներկայացրած առաջարկների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է:

Հանձնաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Հանձնաժողովի որոշմամբ հունիսի 27-ին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով:

  • Կիսվել: