Խորհրդարանում սպառնալիքներ հնչեցնելն առնվազն խիստ մանկամտություն է. Նաիրա Զոհրաբյան
«Տպավորություն է՝ Աժ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հասցեին արդեն սպառնալիքներ են հնչում։ Սա շատ ոչ կոռեկտ գործելաոճ է»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ Գևորգ Պետրոսյանի և իմքայլականների բանավեճին։
Նշենք, որ այսօր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը, ինչպես նաև արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել: Սակայն ԱԺ-ն չընդունեց նախագիծը։ Թեմայի շուրջ բանավիճեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Գայանե Աբրահամյանը և այլ պատգամավորներ։
Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով իմքայլականների ելույթներին՝ նշեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այդ դահլիճում որևէ մեկը չի վաստակել։
«Հանկարծ չմտածեք, որ մեր հիշողությունը ձեր հիշողությունից պակաս է։ Մենք էլ շատ բան կարող ենք հիշեցնել, չեմ կարծում, որ այս տգեղ խոսակցությունը հարիր է մի խորհրդարանի, որտեղ այլ դիսկուրսներ, այլ բանավեճեր պետք է լինեն։ Ի՞նչ է պատահել, Գևորգ Պետրոսյանը հայտնել է իր կարծիքը։ Հիմա ո՞վ շեղեց օրենքի նախագծերից բովանդակային քննարկումները՝ մե՞նք, թե դո՞ւք, երբ 30 հոգով սկսեցիք քննարկել դահլիճում չգտնվող պատգամավորի։ Այսինքն՝ տղամարդ պատգամավորները քննարկում են բացակա պատգամավորին։ Հիմա սա ճի՞շտ է, թե՞ սխալ է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ եթե պատգամավորները համաձայն չեք այս կամ այն կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այդ կարծիքը գոյություն ունենալու իրավունք չունի. «Խորհրդարանում սպառնալիքներ հնչեցնելն առնվազն խիստ մանկամտություն է»։