երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
 Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում․ Արսեն Թորոսյան

Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում․ Արսեն Թորոսյան

Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Այս մասին գրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմավում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի»,- մասնավորապես գրել է նախարարը։

Թորոսյանը նաև տեղեկացնում է, որ այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իր հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: 

«Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն:

Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը»,- ասված է ԱՆ ղեկավարի ֆեյսբուքյան գրառման մեջ։

 

  • Կիսվել: