չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իրանցիներին Իրան փոխադրելու հարցում ավտոբուսի խնդիր ունենք, հայկական ավտոբուսներից ենք օգտվում. Մեհդի Սոբհանի

Իրանցիներին Իրան փոխադրելու հարցում ավտոբուսի խնդիր ունենք, հայկական ավտոբուսներից ենք օգտվում. Մեհդի Սոբհանի

Նախկինում յուրաքանչյուր շաբաթ Իրանի և Երևանի միջև 20 թռիչք էր իրականացվում, այս պահի դրությամբ այդ թռիչքները չեն իրականացվում: Այն բոլոր քաղաքացիները, որոնք ցանկանում էին Հայաստան այցելել, բնականաբար, նրանք արդեն իսկ պետք է ցամաքային եղանակով Հայաստան գան, և դա բնական է: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների վրա Իրան-Իսրայել բախման հետևանքներին:

«Յուրաքանչյուր օր 2 երկրների միջև 600 բեռնատար ավտոմեքենա է փոխադրում իրականացնում: Բայց իմ տվյալներով՝ ավտոբուսների շարժը շատ նվազել է: Այդ պահի դրությամբ իրանցիներին Իրան փոխադրելու հարցում մենք ավտոբուսի խնդիր ունենք, և հայկական ավտոբուսներից ենք օգտվում այդ հարցը կարգավորելու համար: Հենց երեկ երեկոյան 30 արվեստագետ Մոսկվայից Հայաստան է եկել, և մենք փորձում էինք իրանական ավտոբուսներով նրանց Իրան փոխադրել, սակայն այդ հնարավորությունը չկար: Հայկական ավտոբուսներից ենք օգտվել այդ հարցը կարգավորելու համար»,- ասաց դեսպանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևրոգ Պապոյանը հայտարարել էր, որ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան, և որ հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբբաս նավահանգստում և հարևան երկրի ճանապարհներին:

  • Կիսվել: