ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը մեծ զարգացում է ապրել, գիտնականները ցուցաբերում են համակարգված մոտեցումներ

Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը մեծ զարգացում է ապրել, գիտնականները ցուցաբերում են համակարգված մոտեցումներ

Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը 21-րդ դարում և վերջին երեք տասնամյակներում մեծ զարգացում է ապրել, գիտնականները ցուցաբերում են համակարգված մոտեցումներ, որոնք պարունակում են ոչ միայն նկարագրություններ, այլև փաստահեն ապացույցներ՝ նպաստելով ժխտողականության դեմ պայքարին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում (ՀՑԹԻ) մեկնարկած «Հայոց ցեղասպանության մեկ դարը. Ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովում հայտնեց Նեբրասկա-Լինքոլնի (ԱՄՆ) համալսարանի Միջին Արևելքի պատմության պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը։ 

«Մենք կենտրոնանում ենք Հայոց ցեղասպանության ուսումնասիրության պատմության հատկապես վերջին տասնամյակների հետազոտությունների վրա, և երբ դրանք դիտարկում ենք միջազգային զարգացումների համատեքստում, ապա ակնհայտ է դառնում, որ տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններ հնարավորություն են ընձեռել ավելի լավ և ընդգրկուն ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմությունը, դրա պատճառահետևանքային կապերը»,- ասաց Տեր-Մաթոսյանը։ 

Նրա կարծիքով՝ հայոց ցեղասպանագիտության պատմագրությունը հնարավոր չէ ընկալել առանց լայն համատեքստի։ Ըստ նրա՝ տարերայնորեն սկսել է ձևավորվել ու ծավալվել ոչ միայն ոճրագործությունը վերապրածների, այլև նրանց ժառանգների շնորհիվ իրականացվող փաստահավաք գործունեությունը։ 

«Ովքեր վերապրել են ցեղասպանությունը, անչափ կարևորում են փաստագրությունը, իսկ մասնագիտացված հաստատություններն ու ինստիտուտները, որոնցից մեկն էլ ՀՑԹԻ-ն է, մեծ նշանակություն են տալիս արխիվային նյութերի ուսումնասիրությանը։ Այդ տեսանկյունից արժե հիշատակել «Հուշամատյան» ծրագիրը և Կոմիտասի ինստիտուտի կողմից հուշագրությունների հրատարակումը։ Հատկապես անգլերեն լեզվով գրված կամ թարգմանված աշխատությունները կենտրոնացան երեք հիմնական կետերի՝ փաստագրության, հիմքերի հավաքագրման և գիտական հետազոտության վրա»,-նշեց Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսորը։ 

Տեր-Մաթոսյանն առանձնակի երախտագիտությամբ հիշատակեց անվանի գրող մտավորականներ Վահագն Դադրյանի, Ռիչարդ Հովհաննիսյանի և Թաներ Աքչամի հետազոտություններն ու գիտական աշխատությունները, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը և, ըստ էության, նոր խոսք են ասում ցեղասպանագիտության ասպարեզում։ Հատկապես Աքչամը կոտրեց թուրք հասարակության ներսում առկա տաբուները և նոր հնարավորություններ բացեց Թուրքիայում Մեծ եղեռնի ուսումնասիրության գործում։ Ականավոր գիտնականներն ու մտավորականներն, ըստ էության, ներկայացրին, թե ինչպես է պետականորեն իրագործվել 21-րդ դարի առաջին համամարդկային ոճրագործությունը և ինչ պատճառահետևանքային կապեր է ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին։ 

«Իհարկե, հետազոտությունների կարևորությունը շատ մեծ է պատմագրության մեջ և հատկապես 1990-ական թվականներից ցեղասպանագիտությունը որոշակիորեն փոփոխվեց՝ դառնալով ավելի վերլուծական և մեծ ուշադրություն հատկացնելով դեռևս չօգտագործված աղբյուրներին։ Մոտեցումները տարբեր են, և առանձին տեսանկյուններից խնդիրների դիտարկումը թույլ է տալիս ավելի համակողմանի նկարագրություն ունենալ։ Բազմաթիվ հեղինակների գործերը միանշանակ ցույց են տալիս ցեղասպանագիտության պատմական կարևորությունը։ Բոլոր մոտեցումները հարստացնում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործընթացը՝ նպաստելով ավելի խորը և համակողմանի լուսաբանմանը»,- եզրափակեց Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսորը։    

Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Աստուրյանն իր հերթին նշեց, որ հայոց ցեղասպանագիտության զարգացման գործում էական նշանակություն ունեն նաև պատմագրական գնահատականներն ու հեռանկարները։   

«Հայոց ցեղասպանագիտությունն ընդգրկում է տարբեր շրջափուլեր, բայց հատկապես 1960-ական թվականներից մինչև 1990-ական թվականներն ընկած ժամանակահատվածը կարելի է համարել հայոց ցեղասպանագիտության զարթոնքի դարաշրջան, երբ տվյալ ուղղությունը դարձավ էական գիտական ոլորտ, երբ տեսական հոդվածներից անցում կատարվեց ավելի խորը վերլուծությունների՝ հիմնված արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության վրա։ Հետագայում ականատես եղանք ցեղասպանագիտության պրոֆեսիոնալիզացիային, երբ հայ գիտնականների մասնակցությամբ Հայաստանում և սփյուռքում հրապարակվեցին գիտական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ»,- ասաց Աստուրյանը։  

Նա հիշատակեց մասնավորապես Ջոն Կիրակոսյանին, Հրաչիկ Սիմոնյանին, Հովհաննես Տեր-Մարտիրոսյանին, Արա Մարտումյանին, Պետրոս Աղաբեկյանին, Պետրոս Տոնապետյանին, Կարապետ Ապիկյանին, Հայկազ Ղազարյանին, Գրիգոր Տերտերյանին և այլոց՝ հավելելով, որ Մեծ եղեռնից հետո Ցեղասպանության առաջին նկարագրությունն առանձին գրքով ներկայացրել է Պոլսո պատրիարքարանը։ Այդ աշխատությունը լույս է տեսել 1921 թվականին, որում զետեղվել են մարդկության դեմ ուղղված ոճրագործությունը վերապրածների հուշագրությունները։  

«Թուրքական ժխտողականությունն արդեն վաղուց սպառել է իր սահմանները։ Հույս ունեմ, որ ապագայում մի օր ամբողջությամբ կբացվեն նաև թուրքական ռազմական արխիվները, որտեղ պահվող նյութերը հասանելի կդառնան լայն հանրությանը և կարող են նոր լույս սփռել նախորդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Անշուշտ, գլխավոր արխիվները պետք է լիարժեքորեն օգտագործվեն»,-նշեց Աստուրյանը։    

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1220929?fbclid=IwY2xjawKlNjpleHRuA2FlbQIxMQABHpvHBUIOEMQ6sSE2WWcVDM-5BLkuHwUSylfZP28bEHF6T6g9qWyHO0HMoDl__aem_GRj9X4JCoUa3wPcZ3R-4EA

  • Կիսվել: