Հաղթանակ թաղամասի տներից մեկի հրդեհից մահացածները 2-ը կին են, մեկը՝ նորածին երեխա
Այսօր՝ հուլիսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» Ամառանոցային 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ:
Հրշեջները մարել են կրակը և տան սենյակներից մեկում հայտնաբերել են 3 դի:
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների և տան սեփականատիրոջ ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները 2 կին են և նորածին երեխա, այդ կանայք էլ նրա տատիկներն են, իսկ տունը, ըստ հարևանների հայտնածի, գազաֆիկացված չի եղել: