ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահման տանող միջպետական ճանապարհը

Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահման տանող միջպետական ճանապարհը

Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները փակել են Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Ալիք մեդիային» ցույցի մասնակիցները հայտնում են, որ գյուղացիները ջրի խնդրի լուծում են պահանջում, ճանապարհը չեն բացի մինչև իրենց մոտ չգնա նահանգապետը:

«Մենք չենք վստահում տեղի իշխանություններին, դիմում ենք նաև վարչապետին, որ ինքն անձամբ հետևի այս հարցի լուծմանը», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:

Հունվարի 16-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում վիճաբանություն էր եղել գյուղի բնակիչների և Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Գյուղի բնակիչներն ասում են, որ ջրի խնդիր ունեն, ինչին ի պատասխան Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահ Սումբատ Կյուրեղյանը վստահեցնում է, որ Գորելովկա գյուղը ջրի խնդիր չունի, և ամբողջ կոնֆլիկտը սկսվել է առանձին մարդկանց ամբիցիաների հետևանքով:

Գորելովկայում այսօր սպասում էին նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլիին:

  • Կիսվել: