չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Եվրոպայի օրվա տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց

Եվրոպայի օրվա տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, մարդասիրական օրակարգը, որն առկա է Եվրոպայի օրվա միջոցառումների մեջ։

«ԵՄ-Հայաստան մշակութային կամուրջ» խորագիրն արդեն ասում է կարևորը` մշակույթի ու համամարդկային արժեքների շնորհիվ հնարավոր է ստեղծել մի յուրատիպ կամուրջ, որը բարեկամությունն ու գործընկերությունը կամրապնդի մեր ժողովուրդների միջև։ Մշակույթը խաղաղ գոյակցության հիմք է: Այն ուսուցանում է փոխըմբռնում և հանդուրժողականություն: Առանց մշակույթի մարդկությունը գոյություն չէր ունենա, մարդիկ էլ չէին մտերմանա ու բարեկամանա։

«Սա Եվրոպան է» ներկայացման շնորհիվ կարծում եմ` հնարավորություն կունենանք ճամփորդելու դեպի Եվրոպա և լսելու եվրոպական արժեքների մասին։

Ձերդ գերազանցություն, պարոն Մարագոս, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` կարևորելով Եվրամիության և Հայաստանի, այդ թվում՝ Շիրակի մարզի հետ սերտ գործակցությունը, մարզի զարգացմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը՝ տնտեսության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիական հասարակության, երիտասարդների հզորացման և այլ ոլորտներում:

Օրերս, երբ հանդիպեցինք հասցրել ենք մի քանի կառուցողական մոտեցումներ հստակեցնել, ինչն ինձ համար, որպես մարզպետ, անչափ գնահատելի է։ Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի, և մեր համագործակցությունը դուք ևս կարևոր եք համարում։

Մենք գնահատում ենք նաև այն ջանքերն ու նախաձեռնողականությունը, որ տեսնում ենք ԵՄ մյուս երկրների դեսպանների հետ հանդիպումների ժամանակ։ Հայաստանի Հանրապետությունը անշեղորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով և այդ ճանապարհին մենք բարձր ենք գնահատում մեզ աջակցողներին ու մեր բարեկամներին։

Բարի ընթացք եմ մաղթում Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություններին և կազմակերպիչներին։

Սիրելի հյուրեր, զգացեք ձեզ ինչպես ձեր տանը` make yourself at home, դուք ամենահյուրասեր, ամենահումորասեր ու մշակութասեր Շիրակում եք՝ Գյումրիում, որ դռները սիրով է բացում բարեկամների ու հարազատների առջև»։

Ներկաներին ողջունել է նաև դեսպան Վասիլիս Մարագոսը՝ շնորհավորելով Եվրոպայի օրվա առթիվ.

«Մենք շարունակում ենք պայքարել հանուն մեր արժեքների, բարեկեցության, ազատության և համագործակցության։ ԵՄ-ն հանձնառու է խաղաղությանը, գործընկերությանը և համագործակցությանը Եվրոպայում և անդին։ Հայաստանում ևս մենք նշում ենք Եվրոպայի օրը, նշում ենք խաղաղության, ժողովրդավարության և գործընկերության հանդեպ մեր հանձնառությունը։ Այսօր յուրատիպություն, ակունքներ ու ավանդույթներ ունեցող Գյումրիում մենք ոչ միայն նշում ենք Եվրոպայի օրը, այլ նաև այն կենդանի մշակութային ժառանգությունն ենք կարևորում, որ միավորում է մարդկանց»։

Այնուհետև ներկայացվել է «Սա Եվրոպան է» թատերական ներկայացումը, որն ընդգրկել է զվարճալի անեկդոտներ և հետաքրքիր պատմություններ՝ համադրված Եվրոպական միության էությունը բացահայտող պատմական դրվագների հետ։

Ներկայացման շնորհիվ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ճամփորդելու դեպի Եվրոպա և պատասխաններ ստանալու հետևյալ հարցերին՝ «Ի՞նչ է կամ ո՞վ է Եվրոպան»։

  • Կիսվել: