Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայում Հայաստանի 4 ներկայացուցիչ արժանացել է բրոնզե մեդալի. մանրամասնում է թիմի ղեկավարը
Կոսովոյում կայացել է Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադան, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի թիմը։ Հայաստանը ներկայացնող աղջիկները բավականին հաջող են հանդես եկել, և բոլոր չորս անդամները՝ Նարե Սմբատյանը (ֆիզմաթ դպրոց), Մանե Երիցյանը (ֆիզմաթ դպրոց), Քրիստինա Հայրապետյանը («Քվանտ» վարժարան), Արփի Պրազյանը (ֆիզմաթ դպրոց) նվաճել են բրոնզե մեդալներ: Թիմի ղեկավարներ էին Նարեկ Մկրտումյանն ու Վաչագան Դիլանյանը։
Հաջողությունն աղջիկների երկարատև աշխատանքի արդյունքն է։ «Քառակուսի» հիմնադրամն էլ իր հերթին 1.5 տարի լծված է եղել այս արդյունքին հասնելուն՝ կազմակերպելով օլիմպիական խմբակներ, լրացուցիչ պարապմունքներ, ինչպես նաև հոգալով օլիմպիադայի մասնակցության բոլոր ծախսերը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի թիմի ղեկավար, «Քառակուսի» հիմնադրամի համահիմնադիր, ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ, «Քվանտ» վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Նարեկ Մկրտումյանը նշեց, որ տվյալ օլիմպիադան կազմակերպվեց 14-րդ անգամ, սակայն նախկինում համարժեք ֆինանսավորման բացակայության պատճառով Հայաստանի ներկայացուցիչները նման բարձրակարգ ստուգատեսին մասնակցելու հնարավորություն չեն ունեցել։ Բայցևայնպես, առաջին իսկ փորձը տվեց արգասաբեր արդյունք։
«Դա, ըստ էության, բաց մրցաշար էր ու թեև կոչվում էր Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադա, սակայն դրան մասնակցեցին նաև ոչ եվրոպական երկրների ներկայացուցիչներ։ 56 երկրներից 25-ն էին ներկայացնում Եվրոպան։ Մասնակիցների թվում կային նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի և այլ երկրների ներկայացուցիչներ։ Առաջին մասնակցության համար կարծում եմ բավականին լավ արդյունք էր։ Մասնակիցները մրցում էին անհատական մրցակարգով, սակայն վերջում նրանց ցուցանիշների հիման վրա կատարվեց թիմային հաշվարկ։ Հերթական ստուգատեսին պատրաստվեցինք հավուր պատշաճի։ Ձևավորվեց բավականին ուժեղ թիմ։ Հուսով ենք, որ մեր ներկայացուցիչների մասնակցությունը նման օլիմպիադաներին կլինի շարունակական»,- ասաց Մկրտումյանը։
Նա տեղեկացրեց, որ մաթեմատիկային հանրապետական օլիմպիադայում գովասանագիր շահած աղջիկների համար Երևանում կազմակերպվեց ընտրական փուլ, որը տևեց երկու օր և ուներ օլիմպիական մրցակարգ ու ձևաչափ՝ օրական չորս ու կես ժամ, երեք խնդիր։ Ընտրական փուլի արդյունքում չորս լավագույն միավորներ հավաքած մասնակիցներից էլ ձևավորվեց Հայաստանի թիմը։
«Օլիմպիադային մասնակցելը շատ էներգատար ու ժամանակատար պրոցես է, պահանջում է մեծ ռեսուրսներ, սակայն վստահաբար դա մեր աղջիկների հնարավորությունների գերագույն սահմանը չէր։ Օրինակ՝ Նարե Սմբատյանը կարող էր նվաճել արծաթե մեդալ, եթե մաքրագրեր իր մտքերը։ Արծաթե մեդալ նվաճելու համար չբավարարեց ընդամենը մեկ միավոր։ Մյուսներն էլ ունակ աղջիկներ են և կարող էին ավելի բարձր արդյունքներ գրանցել, բայց այդքան մոտ չէին նպատակին, ինչպես Նարեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Մկրտումյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ձևավորվել են մաթեմատիկայի լավ ավանդույթներ, այդ առարկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, ինչի մասին վկայում է ֆիզմաթ դպրոց և «Քվանտ» վարժարան դիմողների թվի աճը, ինչի արդյունքում դիմորդների միջև մրցակցությունը սրվել է։ Բարելավվել են նաև աշակերտների ցուցանիշները։
«Տարբեր օլիմպիադաներում հաղթող պատանիների ու երիտասարդների՝ Հայաստանում մնալու հավանականությունը նույնպես մեծացել է։ Իհարկե, շատերը մեկնում են արտերկիր՝ ուսումը շարունակելու, նրանց մի մասը վերադառնում է, բայց շատերը, ցավոք, մնում են արտասահմանում։ Ամեն դեպքում, մնացողները ներգրավվում են հասակակիցներին ուղղորդելու և մենթորություն անելու գործում։ Այստեղ կարևոր է նաև կրկնուսույցների աշխատանքը, որոնց շնորհիվ տղաներն ու աղջիկներն ավելի լավ են պատրաստվում մասնագիտական դպրոցներ ընդունվելու համար։ Հուսանք ձևավորվող լավ ավանդույթները կշարունակվեն»,- ասաց մասնագետը։
Մկրտումյանը հավելեց, որ շրջագայությունն, ընդհանուր առմամբ, տևեց յոթ օր։ Մինչև օլիմպիադայի մեկնարկն աղջիկները մեկ ամիս ինտենսիվորեն նախապատրաստվել են, պարապել իրենց ղեկավարների հետ, նրանց մոտ լարվածություն չի նկատվել, թեև զգում էին մեծ պատասխանատվություն։
«Միայն օլիմպիադայի վերջին օրերին, երբ արդեն պարզվում էր, թե ովքեր են լինելու մեդալակիրներ, հուզմունքը մեծացավ, ինչը բնական է, սակայն դա մեծ ազդեցություն չունեցավ։ Մեր աղջիկները պահպանում էին հանգստություն, որովհետև հայաստանյան օլիմպիադաների շնորհիվ դարձել էին բավականին փորձառու։ Մի քանի տարի մասնակցել էին ներքին օլիմպիադաներին, և արդեն ամեն ինչ նրանց համար սովորական էր»,- եզրափակեց Մկրտումյանը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1217846?fbclid=IwY2xjawJ0drBleHRuA2FlbQExAAEeKV3h4Bld6VvgqTz9AmT356SZ-IG0Mtgw-6ak_dURhwG8cuvSPcGwiYvHvXU_aem_jtQ8vtWFxCpoDwuVfuU8BQ